11/07/2014 14:31
Կարապի լճի տարածքում ամեն օր կլինեն բացօթյա կինոդիտումներ. «Ոսկե ծիրան»
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ փառատոնին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կիրականացվի «Ծիրանի ծառ» նախաձեռնությունը, որը հավակնում է դառնալ առանձին փառատոն:
Հարցին՝ ինչո՞վ է այս տարվա փառատոնը տարբերվելու նախորդ տարիների փառատոններից, Հ. Խաչատրյանն ասաց, որ այս տարի Սերգեյ Փարաջանովի 90-ամյակի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են լինելու, ինչպես նաև ասիական ֆիլմերին մեծ տեղ է հատկացվել։
Ասուլիսի մյուս բանախոս՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ասաց, որ «Ոսկե ծիրանը» աջակցում է Երևանը տարածաշրջանային մշակութային կենտրոն դարձնելու պետական ծրագրին, իսկ փառատոնի հյուրերը իրենց հետ կտանեն նաև Հայաստանից մի մասնիկ, ինչպես նաև իրենց երկրում կտարածեն հայ կինոն և մշակույթը:
Նրա խոսքով՝ մյուս տարի «Ոսկե Ծիրանի» ընթացքում Երևանի քաղաքապետարանը քաղաքի տարբեր վարչական շրջաններում մեծ էկրաններ կտեղադրի ու բացօթյա ֆիլմեր կցուցադրի, որպեսզի բոլոր վարչական շրջաններում ապրող մարդիկ կարողանան դիտել փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը, իսկ այս տարի բացօթյա կինոդիտումներ կկազմակերպվեն առայժմ միայն Կարապի լճի տարածքում, ամեն օր՝ սկսած ժամը 21։00-ից։
Նախորդող հրապարակում՝ «Ոսկե ծիրան» 11-րդ փառատոնին ՌԱՍ-ը կիրականացնի մի շարք ծրագրեր