11/07/2014 14:59
Դատավորը սանկցիա կիրառեց Շանթ Հարությունյանի նկատմամբ
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը:
Ցուցմունք տվեց տուժող, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը: Նա ասաց, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է Ազատության հրապարակում նստացույցերից, երթին մասնակցել է մոտ 100 մարդ, ովքեր ցանկացել են փակել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Շ. Հարությունյանը նրան հարց ուղղեց՝ արդյոք իրենց մեկ այլ մայթ տեղափոխելու պատճառն այն էր, որ ոստիկանները ցանկանում էին իրենց բանտ ուղարկե՞լ, թե՞ տգետ էր, և չէր հասկանում, որ ցանկացած մայթի վրա քաղաքացիները կարող են լինել: Նախագահող դատավորը ասաց, որ Հարությունյանը վիրավորական բառեր է օգտագործել, ինչի պատճառով էլ նրա նկատմամբ նախազգուշական սանկցիա պետք է կիրառվի, և դա կրկնվելու դեպքում նա կհեռացվի նիստերի դահլիճից, անգամ դատավճիռը առանց նրա կհրապարակվի:
Պաշտպան Արա Զաքարյանի հարցին` նկատե՞լ է նա այդ պահին որևէ գործողություն, որ հակաօրինակ է եղել, Ա. Առաքելյանը ասաց, որ խաթարվել էր երթևեկությունը, իսկ իրենց նպատակը երթևեկությունը կարգավորելն էր:
Ա. Զաքարյանի մյուս հարցին՝ արդյոք ինքը խրախուսանքներ կամ նկատողություններ ստացել է, Ա. Առաքելյանն ասաց, որ միայն խրախուսանքներ է ստացել:
Շ. Հարությունյանը ասաց, որ իրենք փոխել են ճանապարհը՝ պրովոկացիաներից խուսափելու համար, արդյոք դրանից տեղյակ է տուժողը, վերջինս բացասական պատասխանեց:
Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանի հարցին՝ թե ինչքանով է տուժել ոստիկանը, Ա. Առաքելյանը պատասխանեց. «Մարմնական վնասվածք չեմ ստացել և հագուստս չի պատռվել, միայն աչքերս են մռմռացել», ինչը ներկաների մոտ ծիծաղ առաջացրեց:
Նախորդող հրապարակում՝ «Միգուցե Օսիպյանը ինձ շանտաժ է արել, որ հետո ինձ բռնեն, տանեն, սպանեն»