14/07/2014 12:45
ՍԱՊԾ. Միանշանակ չի կարելի ասել, թե վաղահաս միրգը վտանգավոր է
Միանշանակ չի կարելի ասել, թե վաղահաս միրգը վտանգավոր է, դա այդպես չէ, պարզապես այն ավելի մեծ ռիսկ է պարունակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը` ընդգծելով` գյուղատնտեսական մթերքների անվտանգության հսկողությունն իրենց ուշադրության կենտրոնում է:
«Մեկ տարուց ավելի սահմանային հսկիչ կետը վերահսկողության տակ է առել ներկրվող գյուղատնտեսական մթերքը, և նիտրատների մնացորդային քանակությունը ստուգվում է՝ արդյոք համապատասխանո՞ւմ է ՀՀ օրենսդրությանը: Ասեմ, որ այս ընթացքում խախտումներ չեն եղել»,- ասաց Արթուր Նիկոյանը:
ՍԱՊԾ տեսչության պետը հատուկ անդրադարձավ նաև այս սեզոնում շատ սպառվող ձմերուկին` նշելով, որ Հայաստանը ձմերուկ սկսել է ներկրել փետվար ամսից.
«Հայաստան ձմերուկ ներկրվել է հիմնականում Իրանից, Վրաստանից, և մի փոքր էլ՝ Թուրքիայից: Ձմերուկի հետ կապված խախտում եղել է միայն տեղական արտադրությունում՝ նիտրատների քանակը շատ է եղել»,- ասաց Արթուր Նիկոյանը: