15/07/2014 16:40
«Հնարավոր է՝ դիվերսիոն խումբը կապ ունի 17-ամյա բնակչի անհետացման հետ»
«Այն կառույցները, որոնք զբաղվում են ԼՂՀ հարցով, համամիտ են այն քայլերի հետ, որոնք իրականացնում է հայկական կողմը, այսինքն՝ ստեղծել վստահության մթնոլորտ, որի մեջ մտնում է դիպուկահարների հետ քաշելը, զերծ մնալը դիվերսիոն հետախուզական գործողություններից, իսկ այդպիսի խախտումների դեպքում օգտվել նաև միջազգային իրավունքից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ միջազգային կառույցները ԼՂՀ հարցով բանակցող երկու կողմերին էլ միշտ հորդորել են պահպանել խաղաղությունը:
«Մեր ցանկությունն է, որպեսզի գնահատականներ տալու ժամանակ դրանք հստակ տրվեն: Միջազգային հանրությունը մտածում է յուրովի և շահագրգիռ է, որպեսզի այս փխրուն իրավիճակն էլ ավելի չսրվի»,- նկատեց նախարարը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է պատասխան հակահարված տալու, բայց միշտ էլ իրականացվող մշտադիտարկումների ժամանակ հայտարարել է, որ հետևողական է լինելու, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի:
«Բայց, ցավոք մենք գործ ունենք այնպիսի հարևանի հետ, որը այլ կերպ է մտածում և խախտում է այդ պայմանավորվածությունը: Մեզ մնում է, որպեսզի մենք մեր սկզբունքները պահպանենք և մտածենք յուրովի: Այսինքն՝ արժանի հակահարված տանք և արժանի միջոցառումներ իրականացնենք այդ խախտումները կանխարգելելու և պատժելու համար»,- հստակեցրեց նախարարը: Սեյրան Օհանյանը նաև տեղեկացրեց, որ դիվերսիոն գործողությունների վերաբերյալ արդեն հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համաձայն:
«Հայաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի այդ գործն իր ավարտին հասցնի»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով Քարվաճառում անհետացած տասնյոթամյա երիտասարդին՝ նախարարը չբացառեց, որ նրա անհետացման հետ կարող է առնչություն ունենալ այս դիվերսիոն հետախուզական խումբը:
«Հնարավոր է, որ քրեական գործի ընթացքում բացահատվի, որ այս խմբի անդամները կապված են ԼՂՀ Քարվաճառում 17-ամյա բնակչի անհետացման հետ: Քրեական գործի ընթացքում ամեն ինչ կպարզվի»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է համացանցում լայն տարածքում գտած տեսանյութին, որտեղ դիվերսանտները խորոված են անում՝ նախարարը նշեց, որ այդ կադրերը հայտնաբերվել են դիվերսանտների մոտից:
«Այդ կադրերը ներկայացվել է հանրությանը, նպատակ ունենալով ի ցույց դնել համապատասխան ստորաբաժանումների մոտ առկա զինամթերքների առկայությունը: Ուզում ենք, որ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ համոզված լինի, որ դա դիվերսիոն հարձակում է եղել»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով Ուրոգվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով Նախագահը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, նախարար Օհանյանը նշեց, որ նախարարությանը դա ևս մտահոգում է, բայց չի գտնում, թե ռազմական ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը ավելի ամուր է, քանի Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցությունը:
«Իհարկե դա նաև մեզ է մտահոգում: Ամեն ինչ չէ, որ կարելի է հանրությանը նրերկայացնել: Կարծում եմ, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ գտնվում է ավելի բարձր մակարադակի վրա, քան Ադրբեջանի հետ»,-ասաց նախարարը:
Նախորդող հրապարակում՝ Դիվերսիոն հարձակումներում հակառակորդը օգտագործում է հանցավոր խմբերի. ՊՆ