15/07/2014 15:20
Դիվերսիոն հարձակումներում հակառակորդը օգտագործում է հանցավոր խմբերի. ՊՆ
«Դա դիվերսիոն-հետախուզական գործունեություն էր: Ընդ որում՝ ես համոզված եմ, որ այդպիսի գործողությունների մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հակառակորդի կողմից օրերս դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ այդպիսի երևույթները, ըստ ՀՀ Սահմանդրության՝ համարվում են հանցագործություն:
Սեյրան Օհանյանն ընդգծեց նաև, որ Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել և առաջին գծում լարվածություն առաջացնել:
«Իհարկե, ներքաղաքական և միջազգային խնդիրներ իրականացնելու համար փորձելու են ազդել այն կառույցների վրա, որոնք զբաղվում են ղարաբաղյան խնդրով, չհասկանալով, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն, մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ և Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է մեծ հաջողություններ, հաղթանակ, հիմա էլ փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա` միակողմանի հաջողություններ ունենալու, միակողմանի զիջումներ ունենալու համար»,- ընդգծեց Ս. Օհանյանը:
Նախարարը ևս մեկ անգամ նշեց, որ խնդրի լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, ինչպես նաև վստահության մթնոլորտի ձևավորումը: «Միակ ճանապարհը, որով կարող են ԼՂՀ խնդիրը խաղաղ և քաղաքական ճանապարհով հասցնել մինչև վերջ՝ դա վստահության մթնոլորտի ձևավորումն է»,- ընդգծեց Օհանյանը:
Դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ ձերբակալված դիվերսանտը երեք տարի շարունակ Հայաստանում առևտրով է զբաղվել՝ Ս. Օհանյանն պատասխանեց, որ նման տեղեկությունն նախարարությունը, համենայնդեպս, չունի.
«Այդպիսի տեղեկություններ մենք չունենք: Այսօր շատ-շատ անհատներ և ցավալի է նաև, որ դրանց մեջ կան նաև մեր մարտական ընկերները, փորձում են գնահատականներ տալ ու ասել, թե ծառայությունը թերի է կազմակերպված: Նրանք, ովքեր որ եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, լեռնաանտառային պայմանները հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել, գիտեն՝ այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են: Մենք պետք է այսօր փառք տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկին ոչնչացնել և երկուսին գերեվարել»,- շեշտեց նախարարը:
Անդրադառնալով լուրերին, թե ձերբակալվածները իրականում դիվերսանտներ չեն, նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ լավ կլինի, որ մասնագետը գնահատական տա: Նրա պնդմամբ՝ դա հստակ դիվերսիոն հարձակում էր:
Նախորդող հրապարակումներ՝ ՊՆ. Կան անհերքելի ապացույցներ` գործ ունենք ադրբեջանական հանցավոր խմբի հետ
ՊԲ. Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն խմբի բոլոր անդամները վնասազերծվել են