16/07/2014 19:56
Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է. Կոմանդոս
Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված արցախյան հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մոսկվայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայ-ռուսական բարեկամության ամենահետևողական ու ակտիվ քարոզիչներից մեկին՝ մեծ հայրենասեր և հայտնի բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանին: Երկար տարիներ ճանաչելով Լևոն Հայրապետյանին՝ ինձ մոտ ոչ մի կասկած չկա. այս ակցիան նպատակ է հետապնդում ստվեր նետելու հայ-ռուսական բարեկամության վրա և կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, ինչպես նաև որոշակիորեն ազդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կառուցման վրա:
Վերոնշյալը բերում է այն մտքին, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության և նրա նկատմամբ գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած: Միակ պետությունն աշխարհում, որը հիմք ունի դժգոհելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից Ադրբեջանն է, որի ղեկավարությունը միշտ մեծագույն նախանձով է վերաբերում հայոց պետության հաջողություններին: Այն նույն Ադրբեջանը, որը փորձում է իր խնդիրները լուծել՝ օգտագործելով նավթային եկամուտները, որը միջազգային տերմինաբանության մեջ արդեն հայտնի է «խավիարային դիվանագիտություն» անվանմամբ, ինչի մասին խոսել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» վտանգ է ներկայացնում Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի ինքնիշխանությանը:
Ցավոք, ՌԴ որոշ կառույցներում, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռևս խարդախ մարդիկ են աշխատում, որոնք պատրաստ են 30 արծաթի դիմաց ելույթ ունենալ իրենց սեփական երկրի շահերի դեմ: Իսկ այն հարցում, որ հզոր հայկական հանրապետությունները՝ տեղակայված ՆԱՏՕ-ի անդամ պետության և Ռուսաստանի միջև, համապատասխանում են ՌԴ շահերին, վստահ եմ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում:
Հիշեցնում եմ այս մասին, քանի որ Լևոն Հայրապետյանը նաև Լեռնային Ղարաբաղում կառուցվող ռազմական ակադեմիայի հիմնական հովանավորն է, և հենց նրա նախաձեռնությամբ է այն անվանվել հայկական ծագմամբ ՌԴ երկու ռազմական գործչի՝ Ալեքսանդր Սուվորովի և Վալերիան Մադաթովի անունով:
Իհարկե, հայ ժողովուրդը չի կարող անտարբեր մնալ Լևոն Հայրապետյանի ճակատագրի նկատմամբ, սակայն ես վստահ եմ, որ ի պաշտպանություն նրա մարդիկ ոտքի կկանգնեն ո′չ միայն Հայոց պետություններում, այլև՝ հենց Ռուսաստանում:
Միաժամանակ, ես հույս եմ հայտնում, որ տվյալ թյուրիմացությունը շատ շուտով կբացահայտվի, և Լևոն Գուրգենովիչը կրկին կզբաղվի բարեգործական և մեր երկրների համար այնքան անհրաժեշտ գործունեությամբ»:
Նախորդող հրապարակումներ՝ Մոսկվայում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը