16/07/2014 19:18
Քարվաճառում սպանված 17-ամյա պատանու գործով Հայաստանը պետք է դիմի ՄԻԵԴ
Քարվաճառում սպանված տասնյոթամյա պատանու գործով Հայաստանը պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ այդ գործընթացը ևս պետք է քննվի Հայաստանի և Արցախի օրենքների համաձայն, որից հետո գործը մտնի ՄԻԵԴ: «Պետք է իրականացվեն դատական բոլոր գործընթացները, որից հետո Հայաստանը կարող է դիմել Եվրադատարան: Եվ քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե ում կկանչեն պատասխանատվության, կամ Ադրբեջանից կգան, թե ոչ. Անշուշտ ԵԴ դիմելու խնդիր առաջ կգա: Իսկ հայկական կողմն այդ իրավունքն ունի անշուշտ. կան վիրավորներ և զոհեր»,- նկատեց Ալավերդյանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է այնպես անի, որ այդ գործն, ամեն դեպքում, նման ընթացք ստանա:
Ըստ Ալավերդյանի՝ տվյալ գործով համապատասխան պատիժ ստանալու համար Հայաստանը այլ հնարավորություն կամ տարբերակ չունի: «Այլապես Ադրբեջանը անպատիժ կմնա»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Քարվաճառցի 17-ամյա տղային հայտնաբերել են հրազենային վնասվածքներով