16/07/2014 14:07
Սիրիայում կայանալու է Բաշար Ասադի երդմնակալության արարողությունը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր Դամասկոսում իր երդմնակալության արարողության ընթացքում կանդրադառնա սիրիական ճգնաժամին:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ասադը իր ելույթում կնախանշի Սիրիայի քաղաքական և տնտեսական զարգացման ուղենիշները մոտակա տարիների համար:
Հիշեցնենք, որ 3 տարի շարունակ արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը՝հավաքելով 88.7% ձայն:
Սիրիայի այդ ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական նոր պայմաններում և բարեփոխված սահմանադրությամբ: Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:
2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:
Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով:
Նոր սահմանադրությամբ, Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը: