17/07/2014 12:36
Գյուղնախարար. 1716 հողօգտագործող ստացել է 100 մլն դրամի աջակցություն
Նախորդ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնքների 14 հազար հա մշակաբույսերի ցանքատարածություններ. հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 12 հազ. հա, կարտոֆիլը՝ 1740 հա, բանջարեղեն՝ 636 հա: Այսօր կառավարության նիստի ժամանակ տուժած համայնքների իրավիճակը ներկայացրեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Շիրակի և Լոռու մարզերում տուժած 1716 հողօգտագործողներ 2013 թ-ին պետական օժանդակության ծրագրերով ստացել են 629 տոննա աշնանացան սերմնացու՝ 100 մլն դրամ արժողությամբ:
«Մենք պետք է մեկ տարով հետաձգենք վերադարձը, մյուս տարի նոր որոշում պետք է ընդունենք»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ սերմացուն պետք է այս տարի վերադարձվեր:
Ս. Կարապետյանը հաղորդեց, որ 2014թ-ի համար կարկտահարված համայնքներից ավելի քան 3900 հողօգտագործողներ ներկայացրել են 1600 տոննա այս տարվա աշնանացան սերմացուի պահանջարկ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անձամբ է այցելել կարկուտից տուժած համայնքներ և ծանոթացել իրավիճակին . «Պետք է աջակցենք գյուղացուն»:
Վարչապետը նաև դիմեց Կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանին` վարկերի հարցում աջակցելու խնդրով: