18/07/2014 11:23
Հերոինի աղմկահարույց գործով նոր մանրամասներ. ՀՀ-ն` որպես տարանցիկ երկիր
Առանձնապես խոշոր չափերի հերոինի աղմկահարույց գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության, Օսման Ուղուրլուն 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան,որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե այդ տախտակը Իրան տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:
Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղիում թողնելուց հետո, ըստ մեղադրական եզրակացության, Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, ով կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, Ավթանդիլ Մարտիաշվիլին Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Թուրքիայի 40-ամյա քաղաքացի, նախկինում դատված Օսման Ուղուրլուին և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Ավթանդիլ Մարտիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ թմրամիջոցների մաքսանենգություն և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: