19/07/2014 13:29
«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը լուրջ հարված է Արցախին. Քաղաքական պատվեր է»
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալումը Մոսկվայում դա լուրջ հարված է ամբողջ Լեռնային Ղարաբաղին:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլագիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ սրա դեմ իր բողոքի ձայնը պետք է բարձրացնի ողջ հայությունը:
Սոցիոլոգի բնորոշմամբ՝ Լ. Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է:
«Սա կապված է Ռուսաստանի նավթային բիզնեսի հետ, որով սովորաբար Ռուսաստանում զբաղվում են թյուրքալեզու ժողովուրդները: Սա երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սփյուռքի պայքարն է: Այսինքն՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ հայ գործարարը մտնի այս բիզնեսի մեջ»,-ասաց նա:
Շատ ծիծաղելի է, Ադիբեկյանի խոսքով, որ տասը տարի առաջ տեղի ունեցած միջադեպի համար միայն այսօր են ինչ-որ բանի համար մարդուն ձերբակալում:
Ասուլիսին մասնակից «Ժառանգություն» կուսակցության նդամ Դավիթ Սանասարյանն էլ իր խոսքում նշեց, թե սա հերթական չեքիստական դրսևորումներից մեկն է, երբ մարդու մասին ինֆորմացիան պահում են ու քաղաքական դրդապատճառներով հետագայում դրանք օգտագործում:
«Երբ մարդու մասին ինֆորմացիա են հավաքում, իսկ հետո օգտագործում, երբ նպատակահարմար են գտնում, դա չեքիստական մեթոդ է: Ինձ հայտնի է, թե գործարարն ինչերի մեջ է եղել, բայց գիտեմ նաև, թե Ղարաբաղում ինչ կարևոր գործեր և լուրջ ներդրումներ է կատարել: Երեկ եմ կարդացել, որ Վանք գյուղի բնակիչները՝ մոտ 1500 բնակիչ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ բողոքին պետք է միանան նաև մյուսները:
Դ. Սանասարյանը նշեց, որ Լևոն Հայրապետյանն այն մարդկանց շարքին է դասվում, ով իսկապես արժանի է նման աջակցության:
«Նա լուրջ ներդրում ունի Արցախի բանակի, տնտեսության զարգացման և առհասարակ Արցախի հզորացման գործում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Լ. Հայրապետյանը եզակի մեծահարուտներից մեկն է, ում մասին որևէ մեկը վատ բան չի խոսել: