21/07/2014 15:55
Լատվիան արգելել է Կոբզոնին, Գազմանովին և Վալերիային մասնակցել «Նոր ալիքին»
Այսօր Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ռուս հայտնի 3 երգիչների անունները, որոնց մուտքն արգելված է երկիր։ Խոսքը Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Ալլա Պերֆիլովայի մասին է, ով հայտնի է Վալերիա կեղծանունով: Այս մասին հայտնում է Newsru.com-ը։
Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը ասել է, որ «սև ցուցակում» ընդգրկված են այն մարդիկ, ովքեր վերջին շրջանում «ագրեսիվորեն աջակցել են» Ղրիմի անեքսիան և «բազմիցս հրապարակայնորեն վիրավորական կերպով արտահայտվել Ուկրաինայի գործողությունների վերաբերյալ»։
Նա նաև հայտնել է, որ երկրից հեռանալու մասին կխնդրեն այն մարդկանց, ովքեր ներառված են «սև ցուցակում», սակայն արդեն գտնվում են Լատվիայի տարածքում: «Ձերբակալություններով և ոստիկանության մասնակցությամբ շոուներ այդ անձանց դուրս բերելու վերաբերյալ ոչ մի դեպքում չեն լինի»,- ասել է Ռինկևիչը։
Նախարարը հայտնել է, որ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ փառատոնն այս տարի Յուրմալայում անցկացնելը, իր կարծիքով, տեղին չէ։ Նման դիրքորոշում ունի նաև Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեն։
Այս տարի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների 13-րդ երգի միջազգային մրցույթը հուլիսի 22-27-ը կկայանա Յուրմալայի «Ձինտարի» համերգասրահում։
Հուլիսի 23-ին ծրագրվում էր անցկացնել Ի. Կոբզոնին նվիրված երեկո: Փառատոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռեվզինը ասել է, որ «միշտ ցավալի է, երբ քաղաքականությունը խառնվում է արվեստին: Ես չեմ հասկանում, թե դա ինչպես կարողէ առնչվել արտիստներին»:
Նախորդող հրապարակում՝ «Նոր ալիք 2014»-ի մասնակիցների ցանկը. Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը