22/07/2014 10:13
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների անունները հայտնի են
Անդրադառնալով Աղվան Հովսեփյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին նախագահի հրամանագրին, «Հայկական ժամանակը» գրել է. «Փաստորեն, ինչպես ՔԿ մասին օրենքի ընդունումը, այնպես էլ Հովսեփյանի նշանակումը հնարավորինս ձգձգվեց: Այս փուլում, ըստ մեր տեղեկությունների, համաձայնեցվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների հարցը: Թե քանի տեղակալ կարող է ունենալ ՔԿ նախագահը, օրենքում ամրագրված չէ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նորաստեղծ կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, մյուսը՝ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը: Այդ 2 կառույցներն էլ մտնելու են ՔԿ-ի կազմ: Իշխանական շրջանակներում խոսվում է, որ Աղվան Հովսեփյանին, այդուամենայնիվ, հնարավորություն կտրվի կոմիտեի տեղակալներից մեկին էլ իր հայեցողությամբ նշանակել (բնականաբար, Ս.Սարգսյանի հետ համաձայնեցնելով):
Ըստ նույն աղբյուրների՝ փորձ է արվելու ոստիկանության և ՊՆ-ի քննչականների այսպես ասած լուծարումը սահուն կազմակերպել՝ հաշվի առնելով, որ կան քննվող բազմաթիվ քրգործեր, և կադրային ջարդն անթույլատրելի է: Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ կայացնելու է նորաստեղծ այդ կառույցը: Որքանո՞վ դա նրան կհաջողվի ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՔԿ մամուլի խոսնակ է նշանակվելու նախկին գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը»: