22/07/2014 15:11
Ուորլիք. Հուսով ենք՝ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրենք մտահոգված են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, ինչպես նաև առաջնագծում ցանկացած կորուստներով:
APA գործակալության փոխանցմամբ՝ Ուորլիքը նշել է, որ մահվան ելքով և վիրավորների առկայությամբ միջադեպերի քանակությունը՝ հետընթաց է կայուն խաղաղության հասնելու կողմերի հետ տարվող իրենց աշխատանքներում:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը և Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են իրենց օգնությունը տրամադրել կողմերին՝ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար:
Ուորլիքը նշել է, որ ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, իսկ համանախագահները ցանկանում են հանդիպել ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում՝հետագա քայլերը քննարկելու համար:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Փարիզում հանդիպելու առաջարկին Ուորլիքը նշել է, որ իրենք հույս ունեն նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկությունը: Նրա խոսքով, երբ նախագահները հանդիպեցին նոյեմբերին Վիեննայում, իրենք դարձան ականատեսը այն բանի, որ առաջընթացը հնարավոր է:
Ուորլիքի խոսքով, իրենք հավատում են, որ այդ քննարկումների շարունակությունը խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր քայլ կդառնա, իսկ համանախագահները պատրաստ են աջակցել ամեն ինչում:
Ամերիկացի համանախագահը հավելեց, որ ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրիեն արդեն իսկ անցել է իր պարտականությունների կատարմանը, որպես Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ: