26/07/2014 17:05
Շուրջ 200 ժամկետային զինծառայող և նրանց ծնողները հանդիպել են Երևանում
Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երևանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին:Այս մասին հայտնում են Քաղաքապետարանից:
Երևանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև ԼՂՀ զորամասերում ծառայող երևանաբնակ զինվորների ծնողների զորամասեր այցերի կազմակերպման ծրագրի:
Կարևորելով նմանատիպ ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ նախաձեռնությունը լինելու է շարունակական. «Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է: Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ևս լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մասնակցությամբ զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու «Բանակը մեր տունն է» ֆիլմը:
ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի:
Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»: