30/07/2014 16:42
Շանթ Հարությունյանի գործով ոստիկանների աչքերը մրմռացել ու արցունքոտվել են
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստի թնթացքում ցուցմունք տվեց տուժող Ազիզ Միրզոյանը:
Ա. Միրզոյանը ասաց, որ ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչում, սակայն մի քանի հոգու տեսել է Ազատության հրապարակում: Նա պատմեց, որ դեպքի օրը ինքը լսել է պայթյունների ձայներ և վազել այդ ուղղությամբ, և իր աչքերը հանրահավաքի մասնակիցների բաց թողած պայթուցիկներից ծխից արցունքոտվել են, որից հետո էլ քաշքոց է տեսել:
Գործով մյուս տուժող, ոստիկան Ռազմիկ Խալաֆյանը ասաց, որ Ազատության հրապարակում դեպքի օրը տեսել է Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին, սակայն նրանց կողմից ագրեսիվ պահվածք չի նկատել:
Նրա խոսքով՝ ակտիվիստները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, հայհոյել են: Փաստաբան Արա Զաքարյանի հարցին՝ ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը, Ռ. Խալաֆյանը պատասխանեց, որ օրենքում կա հատուկ կետ, որով արգելվում է հասարակական վայրերն այլ նպատակների համար օգտագործելը:
Ա. Զաքարյանը ասաց, որ չհասկացավ պատասխանը, սակայն ոստիկանը ասաց, որ ինքն արդեն պատասխանել է այդ հարցին:
Ռ. Խալաֆյանը ասաց, որ պայթյունների ժամանակ ծխից աչքերը մրմռացել են, արցունքակալել են, բայց ինքը բժշկի չի դիմել, իսկ ակտիվիստները փայտե ձողեր են ունեցել, որոնցով նկատել է, թե ինչպես էին հարվածում ոստիկաններին, նրանց դիմադրություն ցույց տալիս:
Ամբաստանյալներից մեկի հարցին, թե ովքեր են հայհոյել, ոստիկանն ասաց, որ իր նախաքննական ցուցմունքում գրել է, բայց ամբաստանյալների մեջ հայհոյողները չկան: Նա ասաց, որ քաղաքացիական համազգեստով անձին, որը ոստիկան էր, երկու քաղաքացի հարվածում էին: Հարցին՝ ի՞նչ գիտի, որ նա ոստիկան էր, ասաց, որ այդպես էր ներկայանում: Հարցին՝ արդյոք քաղաքացիական համազգեստով այդ ոստիկանը որևէ փաստաթուղթ ցույց տվե՞լ է, ոստիկանն ասաց, որ խառնաշփոթ էր, և ինքը լավ չի հիշում: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ հարցրեց, թե 25 մետրից ինչպե՞ս է լսել , թե ի՞նչ են հորդորել ոստիկանները, անգամ տեսախցիկը չի կարող ֆիքսել դա, նա պատասխանեց, որ դա տեսախցիկի խնդիրն է և թեքվեց դատախազին հարցրեց՝ լա՞վ էր:
Հաջորդը ցուցմունք տվեց տուժող Հարություն Գրիգորյանը, ով ասաց, որ ինքը դեպքի օրը տեսել է քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնցից մեկ-երկու հոգու է ճանաչել: Հ. Գրիգորյանը ասաց, որ այդ օրը կոշիկներն են այրվել, ականջն է վնասվել, աչքերն են մրմռացել, տաբատն է վառվել:
Նա նաև ասաց, որ դեպքի օրը տեսել է մոտ 25 տարեկան, ակնոցներով երիտասարդի, ով մյուսների հետ խփում էր քաղաքացիական հագուստով ոստիկանին, և ինքը հետագայում իմացել է, որ այդ երիտասարդը ամբաստանյալ Սևակ Մնացականյանն է:
Այսօր ցուցմունք տվեց նաև տուժող Ազատ Հովսեփյանը, ով ասաց, որ տեսել է, թե ինչպես են Շանթ Հարությանն ու մյուսները մահակներով ու պայթուցիկներով շարժվում դեպի Մաշտոցի պողոտա, և նրանց նետած պայթուցիկների հետևանքով նրանց շնչառությունն էր վատանում:
Հարցին՝ արդյոք տեսե՞լ է, որ ակտիվիստները ծեծեն որևէ ոստիկանի, Ա. Հովսեփյանը պատասխանեց, որ տեսել է, թե ինչպես են հարվածում Ոստիկանության կենտրոնի բաժնի պետի տեղեկալ Վարդան Գևորգյանին:
Նախորդող հրապարակում՝ Դատավորը սանկցիա կիրառեց Շանթ Հարությունյանի նկատմամբ
«Միգուցե Օսիպյանը ինձ շանտաժ է արել, որ հետո ինձ բռնեն, տանեն, սպանեն»