31/07/2014 10:16
Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը կամրապնդվի. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին: Մասնավորապես ԵՄ պատժամիջոցները ներառում են ՌԴ-ին զենքի մատակարարման և ռուսաստանյան զենքի գնման էմբարգո, արգելվելու է էներգակիրների, հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան, փակվելու է նաև ռուսաստանյան որոշ բանկերի մուտքը եվրոպական բանկային շուկաներ:
Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, և այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արևմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, և Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի՝ «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձևով: Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, մի՛թե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արևելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա և ոուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել: Չինովնիկներին և գործիչներին Արևմուտք չթողնելն ընդհանրապես լուրջ քայլեր չեն՝ զուտ խորհրդանշական դեր են խաղում:
Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ և հիմա էլ չի հրաժարվի դրանցից: Ուրիշ հարց, եթե պատերազմը և, համապատասխանաբար, պատժամիջոցները տևեն, ասենք, 10 տարի, և Արևմուտքը նաև միջոցներ գտնի նավթի գինը գցելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: