01/08/2014 10:20
Ռուս իրավապահները Լևոն Հայրապետյանից գործարք են ակնկալում. «Առավոտ»
Անդրադառնալով ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանն ու գործի ընթացքին, «Առավոտը» նշում է, որ ըստ ամենայնի` ռուս իրավապահներին հետաքրքրում են ոչ թե Լևոն Հայրապետյանի վաստակած գումարները, այլ ցուցմունքները:
«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ռուս իրավապահներին չի հաջողվել գործը «կարել» բացառապես ունեցած փաստերի հիման վրա, և նրանք «անհրաժեշտ» ցուցմունքների կարիք ունեն: Ու, հավանաբար, Լևոն Հայրապետյանի դժբախտությունն այն է, որ «Բաշնեֆթի» առքուվաճառքի ողջ շղթայում ամենաթույլ օղակն ինքն է: Մուրտազա Ռահիմովը չափազանց բարձր դիրք է ունեցել նման դերում չներգրավվելու համար, նրա որդին ապրում է Ավստրիայում և անհասանելի է ռուս իրավապահների համար, իսկ մյուս կողմում «Սիստեմա» խումբն է՝ Վլադիմիր Եվտուշենկոյի գլխավորությամբ: Ակնհայտ է, որ թույլ օղակը Հայրապետյանն է: Մանավանդ, որ առկա են առողջական խնդիրներ (ռուս իրավապահները, հավանաբար, ենթադրում են, որ առողջական խնդիրներից ելնելով ՝ Լևոն Հայրապետյանը շատ արագ որոշում կկայացնի համագործակցել իրենց հետ): Դատելով առկա տեղեկություններից` Լևոն Հայրապետյանը գործարքին չի համաձայնել և «անհրաժեշտ ցուցմունքներ» չի տվել», - գրել է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: