01/08/2014 10:12
Ըստ Գևորգ Դանիելյանի, սահմանադրական հանրաքվե չանցկացնելու հիմքեր չկան. «ՀԺ»
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում, ըստ էության, հնարավոր չի համարել, որ սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա:
«Ինքս այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ տրամաբանությունը, թերևս, հուշում է, որ եթե իսկապես ձևավորված լիներ հանրաքվեից հրաժարվելու նախնական որոշում, ապա նախագծի քննարկման ժամկետները երկարացնելու անհրաժեշտություն չէր ծագի»,- ասել է Գևորգ Դանիելյանը:
Նա նաև հայտնել է, որ հանձնաժողովն արձակուրդ չի գնալու և շարունակում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները, որոնց մարզային փուլն օրերս ավարտվեց: «Հանգստանալու մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Դանիելյանը։