01/08/2014 10:33
Հայաստան այցելող երիտասարդ զբոսաշրջիկների թիվն ավելացել է. «ՀԺ»
Սույն թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 հազար 967 զբոսաշրջիկ: Այսինքն՝ շուրջ կես միլիոն մարդ: Սա 17.3 տոկոսով ավելին է, քան եղել է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում: Այս մասին «Հայկական Ժամանակը> տեղեկացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից:
Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում նաև երիտասարդների համար:
Սահմանային անցման կետերում նախորդ տարի իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեր երկիր այցելած երիտասարդ զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին աճել 28 տոկոսով: Նմանատիպ ուսումնասիրություն նախորդ անգամ իրականացվել էր 2006-2007 թվականներին: Այդ ժամանակ Հայաստան այցելած երիտասարդ զբոսաշրջիկների թիվը կազմել էր 6 տոկոս, իսկ արդեն նախորդ տարվա տվյալներով՝ 34: