01/08/2014 14:57
Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին. Գիտե՞ս՝ սուտ խոսալն ինչ ա
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով դատավարությունը:
Դատարանը որոշեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և անցնել վկաների հարցաքննությանը, իսկ տուժողները կհարցաքննվեն հաջորդ նիստին:
Հարցաքննվեց վկա, ոստիկան Արտակ Ավետիսյանը, ով ասաց, որ երթը սկսելուց հետո պայթյուններ և գոռգոռոցներ է լսել։
«Քաղաքացիական հագուստով մեկը հայտարարեց, որ ինքը ոստիկան է, և նրան սկսեցին փայտերով ու ոտքերով հարվածել, իսկ ինքը գետնին ընկած գոռում էր, որ ոստիկան է: Այդ մարդուն հարվածողներից էր զինվորական համազգեստով մի մարդ, որ հետագայում իմացա, որ Վարդան Վարդանյանն է եղել։ Մենք մոտեցանք ու հարվածողների արանքից հանեցինք այդ մարդուն, այդ ժամանակ էլ մեկը բռունցքի չափ մի բան գցեց մեր ոտքերի տակ ու ծուխ բարձրացավ »,- ասաց Ա. Ավետիսյանը։
Նա ասաց, որ չի հիշում, թե ով է եղել ոստիկան ներկայացած անձը:
Վկայի հարցաքննության ժամանակ Շ. Հարությունյանը ասում էր. «Լավ ենք արել, տփել ենք»,- միևնույն ժամանակ հավելելով, թե ոստիկանն ի՞նչ իրավունք ունի քաղաքացիական հագուստով գալ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրա նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց՝ խնդրելով խոսել իր հերթին։
Շ. Հարությունյանը տեղից բացականչեց, որ «դեմագոգություն թող չանի» և ցանկացավ կանգնած հարցեր տալ վկային, բայց դատավորը նրան թույլ չտվեց՝ նախազգուշացնելով, որ եթե Շ. Հարությունյանը այսպես շարունակի, նա նրան դուրս կհրավիրի նիստերի դահլիճից և դատը կհետաձգվի, քանի որ Շ. Հարությունյանը պաշտպան չունի:
Դահլիճում խառնաշփոթ սկսվեց և դատավորը ընդմիջում հայտարարեց:
Շ. Հարությունյանը ասաց. «Լսում ես, արա, մեզ քաշքելուց քեզ լավ տղու տեղ ես դնում, գիտե՞ս՝ սուտ խոսալն ինչ ա»։
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի փաստաբան. Չկա որևէ հիմք նրան կալանքի տակ պահելու համար
Շանթ Հարությունյանի գործողություններից ամենաշատը տուժել է Վալերի Օսիպյանը