11/08/2014 14:37
Թուրքագետ. Էրդողանի ընտրվելը հայերի համար չարյաց փոքրագույնն է
Թուրքիայի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ 4 մլն մարդ դեմ չէ Հայոց ցեղասպանության ընդունմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով՝ հենց այսքան քվե է ստացել թեկնածուներից ազգությամբ քուրդ Սելահադին Դեմիրթաշին, ով խոստացել էր ընդունելու է Հայոց ցեղասպանությունը և նրան կողմ են քվեարկել հայերն ու մյուս ազգային փոքրամասնությունները:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա ասաց, որ վերջինս հայերի համար չարյաց փոքրագույնն է, իսկ նրա ընտրվելը ցույց տվեց, որ ընտրողների 52%-ը կողմ է, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակեն նույն մակարդակի վրա մնալ, և Էրդողանը դա գիտակցում է:
«Ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների՝ նախագահական ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների մասին տեղեկություն գրեթե չի եղել, ինչը նշանակում է, որ Էրդողանին կարելի է լեգիտիմ նախագահ համարել: Ընդդիմությունը միայն բարձրաձայնում է, որ իշխանությունների գովազդային հարթակների հնարավորությունը ավելի մեծ է եղել, բայց Թուրքիայում ընդդիմությունը, բացի Էրդողանին քննադատելուց, այլ ասելիք չուներ: Բացի այդ, Էրդողանը ավելի ակտիվ քարոզչություն էր տանում»,-ասաց նա:
Ա. Շաքարյանը ասաց, որ Էրդողանի համար ամենակարևոր ընտրությունը, սակայն, դեռևս առջևում է, քանի դեռ նա գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում նա չի մտցրել սահմանադրական այն փոփոխությունը, համաձայն որի երկրի ամենաուժեղ դեմքը կդառնա Նախագահը: Նա ցանկանում է դառնալ Վլադիմիր Պուտինի նման տոտալիտար վերահսկողություն ունեցող նախագահ, ինչպես Պուտինը»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է