14/08/2014 17:34
Բաքուն փորձում է թաքցնել Կարեն Պետրոսյանի մարմնի վրա եղած բռնության հետքերը
Բաքուն փորձում է թաքցնել գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմնի վրա եղած բռնության հետքերն ու այդ պատճառով ձգձգում է նրա դին Հայաստան տեղափոխելու գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը:
«Այպիսով ադրբեջանական կողմն անում է ամեն բան, որպեսզի Կարենի մահվան մասին ավելի վաղ արված Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը համապատասխանի իրականությանը»,- ասաց նա՝ ավելացնելով.
«Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն խուսափում է կառուցողական բանակցություններից կամ չի հետևում պայմանավորվածություններին: Շատ անգամ մենք գերիների հարցով պայմանավորվածություն ենք ձեռք բերել, սակայն ադրբեջանական կողմը պայմանավորված տեղում չի հայտնվել»,- ասաց Զարինե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանն ադրբեջանական կողմում է հայտնվել օգոստոսի 7-ին: Այստեղ անզեն ու քաղաքացիական հագուստով երիտասարդին փորձել են ներկայացնել որպես հայ դիվերսանտի: Գերության հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Կարեն Պետրոսյանը մահացել է սիրտ-անոթային անբավարարությունից: Նշենք, որ մինչև գերեվարվելը երիտասարդն՝ իր բժշկական փաստաթղթերի համաձայն, եղել է առողջ:
Նախորդող հրապարակում՝ Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանում սպանված հայ գերու հարցով դիմել է ԵԽԽՎ