14/08/2014 12:10
Մանկապարտեզների տնօրենները՝ փչացած հավի մսի մասին
Փչացած հավի միսը չի հասել երեխաներին՝ պնդում են մանկապարտեզների տնօրենները: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Նոր Նորքի թիվ 116 մանկապարտեզի տնօրեն Արմինե Մկրտչյանը ասաց, որ իրենց կասկածելի է թվացել փաթեթավորումը և իրեն ահազանգել են թաղապետարան:
«Այդ կազմակերպությունը առաջին անգամ է միս մատակարարել մեր մանկապարտեզին, քանի որ ինքն էր շահել մրցույթը: Ես արձակուրդում եմ եղել, ինձ զանգահարեց մեր փոխնտնօրենը և ասաց, որ հավի մսի փաթեթավորումը իրեն կասկածելի է թվում, մենք այդ մասին հայտնել ենք թաղապետարան, սակայն մինչև ես կհասնեի մանկապարտեզ, իրավապահ մարմինները արդեն եկել և առգրավվել էին միսը»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Թիվ 101 և 118 մանկապարտեզների տնօրենները գտնվում էին արձակուրդում, սակայն թիվ 101 մանկապարտեզի տնօրեն Աննա Ասատրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջաին անգամ են պատվեր ընդունել այդ կազմակերպությունից, փչացած միսը իրենց մանկապարտեզի երեխաներին ևս չի հասել, քանի որ այն առգրավվել է իրավապահների կողմից:
Թիվ 118 մանկապարտեզի փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը ասաց, որ այդ ընկերության անունից զանգահարել և ասել են, որ իրենք են շահել մրցույթը և կարող են պատվեր ընդունել, իսկ մսի փաթեթավորումը իրենց մոտ նորմալ է եղել, հավի միսը՝ «ժամկետի մեջ», սակայն երեխաներին այն չի հասել:
«Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանի հեռախոսահամարը անջատված է, իսկ նրա գործընկեր Գոռ Արզումանյանի հեռախոսին, ում անունը ևս շրջանառվում է այս գործում, պատասխանեց մի անձ, ով ասաց, որ իր անունը Գոռ չէ, սակայն ճշտեց, թե ում հետ է խոսում, ապա հարցը համբերատար լսեցուց հետո ասաց, որ իր անունը Գոռ չէ և սխալ հասցեով ենք զանգահարել::
Նախորդող հրապարակում՝ Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի 101, 116 և 118 մանկապարտեզներին