16/08/2014 14:50
Մանկապարտեզներին փչացած միս մատակարարելու առթիվ հարուցվել է քրգործ
Նոր Նորք վարչական շրջանի թվով երեք մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած թռչնամիս մատակարարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Փաստինֆոն» տեղեկացել է քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանությյան հաղորդագրության ՝ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:
Արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են փչացած հավի միս, վերամշակման համար նախատեսված քիմիական տարբեր նյութեր ու դատարկ տարաներ, որոնք վերցվել են հետագա հետազոտությունների համար: Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը, առաքման համար շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանություն: Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիրում գտնվող` Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում:
Մանկապարտեզների տնօրենները Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ փչացած հավի միսը չի հասել երեխաներին:
Նախորդող հրապարակում՝ Մանկապարտեզների տնօրենները՝ փչացած հավի մսի մասին
Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի 101, 116 և 118 մանկապարտեզներին