18/08/2014 12:41
Հեֆերն. Եթե պատժամիջոցները վնասեն ՀՀ-ին, կարող եք բողոքել Մոսկվային. Aravot
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունններին՝ նշելով, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նպաստեց այն բանին, որ սահմանամերձ գյուղերում նվազեն Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները։ Այս մասին գրում է Aravot.am-ը:
«Երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են, դա լավագույն միջոցն է խնդրին խաղաղ լուծում տալու։ Հենց այդ հանդիպումից հետո է, որ նվազել են սահմանին կրակոցները»,- նշել է դեսպանը։
Ջոն Հեֆերնն Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանել է նաև, թե ինչ հետևանքներ կթողնեն ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները Հայաստանի վրա, ինչին դեսպանը պատասխանել է, որ բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի կառավարության հետ այդ պատժամիջոցների վերաբերյալ. «Պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանի նկատմամբ, ոչ թե Հայաստանի, սակայն դրանք կարող են իրենց հետևանքները թողնել Հայաստանի տնտեսության վրա, եթե դա Հայաստանին դուր չի գալիս, նրանք պետք է բողոքեն Մոսկվային»։