22/08/2014 13:12
Առողջապահության նախարարությունը դատապարտում է սիրիահայ բժշկին ծեծելու փաստը
ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին։ Այս մասին ասված է ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածարար հաղորդագրության մեջ.
«Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։
«Պողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգևատրեց պատվոգրով։
Բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը վաղն անհրաժեշտ է լինելու իրեն կամ իր հարազատին։
Շատ ավելի մեծ է մերժելի նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել և նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
NEWS.am-ի հետ զրույցում Պողոս Աղոյանը պատմել է, որ իրեն Թալինի քաղաքապետի բարեկամները ծեծի են ենթարկել։ Աշխատանքից տուն գնալիս է եղել, երբ հիվանդանոցի բակում կայանված իր ավտոմեքենան չի կարողացել տեղաշարժել, քանի որ «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա փակած է եղել ճանապարհը: