25/08/2014 16:38
«Մենք դատապարտված ենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ծավալելու»
Վրաստանի և Հայաստանի միջև վերջին տարիների տնտեսական փոխշահավետ կապերը շատ երկչոտ ձևով են իրացվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով Վրաստանի վարչապետի այցին: Բանախոսը նշեց, որ Հայաստանն ունի իր մեղքի բաժինը, քանի որ նույնիսկ նախարարները երբեմն չեն ճանաչում իրենց վրացի պաշտոնակիցներին:
«Մենք դատապարտված ենք Վրաստանի հետ շատ սերտ համագործակցություն ծավալելու: Հայաստանի և Վրաստանի՝ տարբեր տարածաշրջանային միությունների անդամակցության սկիզբը պետք է դիտարկել որպես փոխլրացնող գործոն»:
Տնտեսագետի խոսքով, եթե գիտակցությունը գերիշխի, ապա և՛ մենք, և՛ վրացիները կարող ենք հսկայական օգուտներ քաղել:
«Տարածաշրջանային մյուս երկրների հետ առևտուրը հիմնականում աշխատում է ներմուծման վրա»,- հավելեց ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը.
«Թուրքիան և Իրանը հանդիսանում են խոշոր գործընկեր երկրներ Հայաստանի համար և գտնվում են այն 5 երկրների շարքում, որոնց հետ Հայաստանն ունի մեծ ծավալների արտաքին առևտուր, իսկ Վրաստանի հետ մեր վիճակագրությունը խափուսիկ է, որովհետև Վրաստանով ներմուծվող ապրանքների մեծ մասը ներմուծվում է Թուրքիայից»:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը, Գագիկ Մակարյանն ասաց.
«Պահածոյի 10-12 գործարաններ կան, որոնցից 5-6-ը բավականին ակտիվ կարող են աշխատել, մուրաբաներ ու պահածոներ արտահանել, մսամթերք, հայկական պանիր արտահանել, գինիներ: Սակայն, նախ պետք է օգնենք արտադրողին՝ պահեստները լցնենք և հոտե մեծ քանակով արտահանենք»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, թե պետք է պարտադրել, հուշել օրակարգ և ոչ թե նստել ու նայել, թե ինչ է անելու կառավարությունը. «Պետք է գյուղատնտեսությանը տալ լուրջ հնարավորույուններ՝ վերակենդանանալու և ինքնաիրացվելու բոլոր ճյուղերով, քանի որ մրցունակ ապրանքներ ունենք»:
Անդրդառնալով Ռուսաստանի հետ կապված սանկցիաներին, տնտեսագետը հավելեց, որ Կառավարութույունը պետք է ռազմաարդյունաբերական համալիրի ուղղությամբ լուրջ բանակցություններ վարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերի և Հայաստանը պետք է կարողանա ինտեգրվել ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրին՝ իր բարձր գիտատար ճյուղերով, բարձր տեխնոլոգիաներով, որի պահանջարկը անսահմանափակ է. «Սանկցիաները կիրառվել են նաև տեխնոլոգիաների վրա, ինչի մասին քիչ է խոսվում: Մենք թույլ ենք տալիս, որ արտագնա աշխատանքը լինի բարձիթողի, կիսալեգալ, ոչ արժանապատիվ կարգավիճակով, պետք է նայել թուրքական ընկերություններին, նրանք միջպետական համաձայնագրերով են աշխատում»:
Գ. Մակարյանը նշեց, որ պետք է շատ արագ աշխատել, որովհետև վտանգ գա, որ սանկցիաները կարող են հետ վերցնել. «Եվրոպայում իրականացվող պրոցեսները ցույց են տալիս, որ Եվրոպան, իր բիզնեսի, երկրների քաղաքացիների ճնշման տակ, կամ այլ քաղաքական նպատակներով, կարող է հետ վերցնլ սանկցիաները, որովհետև եթե Ռուսաստանն իր ուժերը կոնսոլիդացնի, ապա կարող է ավելի վտանգավոր դառնալ իր արդյունաբերությամբ, զինվելով, որը Եվրոպային ձեռնտու չէ, քանի որ կցանկանա որ ռուսական շուկան վերահսկելի լինի»: