25/08/2014 15:22
Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. Հրավիր չի եղել
Ռուսական կողմը հրավեր չի ստացել մասնակցելու Դուբլինում սեպտեմբերին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի ընթացքում քննարկման առանցքային թեմաներից մեկն է լինելու Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարները: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դիվանագիտական անանուն աղբյուրները:
Սեպտեմբերի 4-5-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ դաշինքի անդամ պետությունները քննարկելու են հավաքական պաշտպանության մեխանիզմներն ընդլայնելու, ռազմական ծախսերն ավելացնելու և Ուկրաինայի հետ հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ հարցեր: Ինչպես ասված է դաշինքի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ՝ «ՆԱՏՕ-ի գագաթաժողովը գումարվելու է պատմական առանցքային ժամանակահատվածում, երբ գլոբալ անվտանգությունն առավել անկայուն է դառնում, ինչպես դա ցույց տվեցին Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները»:
Չնայած, որ նախանշված քննարկվելիք թեմաներից շատերն առնչվում են Ռուսաստանի Դաշնությանը, ՆԱՏՕ-ի պաշտոնյաները «նպատակահարմար չեն գտել դրանց քննարկմանը հրավիրել նաև ռուսական կողմի ներկայացուցիչներին»:
Ռուսական դիվանագիտական շրջանակներից թերթին հայտնել են, որ ռուսական կողմն առանձնապես հրավեր չի էլ ակնկալել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ապրիլ ամսին դաշինքը կասեցրել էր Ռուսաստանի հետ փաստացի համագործակցությունը:
«Դա մեր նախաձեռնությունը չի եղել, մենք պատրաստ էինք շարունակել համատեղ աշխատանքը: Ափսոսում ենք, որ սառեցվել են կարևոր նախագծեր: Այժմ գնդակը դաշինքի դաշտում է, ինքներս քայլեր չենք ձեռնարկելու»,- ասել է ռուս դիվանագետը, ում անունը չի նշվում:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև հույս են հայտնել, թե դաշինքի գլխավոր քարտուղար, ուկրաինական դեպքերի հետ կապված Ռուսաստանին բազմիցս ագրեսիայի մեջ մեղադրած Անդերս Ֆոգ Ռասմուսենի հեռացումից հետո հնարվոր է հարաբերությունների բարելավման միտումներ առաջանան:
Հավելենք, գագաթաժողովին ակնկալվում է, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պարտականությունները կստանձնի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: