01/09/2014 13:05
Լևոն Արոնյանը` Սենթ Լուիսում
Լևոն Արոնյանն անհաջող հանդես եկավ Սենթ Լուիսում ընթացող մրցաշարի վերջին երեք` 3-5-րդ տուրերում: Հայ գրոսմայստերը նախ զիջեց Մաքսիմ Վաշիե Լագրավին, ապա` Ֆաբիանո Կարուանային, իսկ այնուհետև պարտվեց Մագնուս Կառլսենին:Այժմ նա 1,5 միավոր ունի և իր համար շատ անսովոր դիրք է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում` Հիկարու Նակամուրայի հետ կիսելով վերջին երկու տեղը:
Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է, ով, որքան էլ զարմանալի է, նման մակարդակի մրցաշարում հաղթել է անցկացրած բոլոր պարտիաներում և 5 հնարավորից վաստակել նույնքան միավոր: 2,5-ական միավորով նրան հաջորդում են Վեսելին Տոպալովն ու Մագնուս Կառլսենը: Վաշիե-Լագրավը վաստակել է 2 միավոր:
Ավելացնենք, որ մրցաշարում սեպտեմբերի 1-ը հանգստյան օր է հայտարարված: Վաղը կայանալիք 6-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը Նակամուրան է: Կառլսենը կխաղա Վաշիե-Լագրավի, Կարուանան` Տոպալովի հետ: