03/09/2014 16:47
Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. ԱԳՆ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակությունը, որը Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ ս.թ. հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ հաղորդեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը և վստահություն հայտնեց, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխարտգործնախարար Սուաինը ընդգծել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցությունը, և այդ առումով կարևորեց պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ կազմակերպված հայ համայնքի առկայությունն Արգենտինայում մեծապես նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև ստեղծված բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի բացակայությունը, հարուստ իրավապայմանագրային դաշտի առկայությունը, երկու երկրների մայրաքաղաքների քույր-քաղաքներ հանդիսանալը կարևոր գործոն են` երկկողմ փոխգործակցության խորացման համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ապակենտրոնացված փոխգործակցության ամրապնդումը, գիտական, կրթական, մշակութային փոխանակումների ակտիվացումը։
Զրույցին անդրադարձ է կատարվել միջագային և տարածաշրջանային խնդիրներին։
Հանդիպումից հետո ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալեյգը իրենց կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել: