04/09/2014 11:40
Երվանդ Զախարյանը հանդիպեց նաիրիտցիներին
Այսօր վաղ առավոտից կառավարության շենքի մոտ հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր կրկին պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը: Նրանց դիմավորեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նաիրիտցիները պահանջեցին, որ իրենց աշխատավարձերը միանվագ վճարվեն, սակայն Երվանդ Զախարյանը նշեց, որ Կառավարությունը պատրաստ է նրանց վճարել միայն մեկ ամսվա համար:
«Նախորդ հանդիպման ժամանակ ես և վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեցինք սպասել մինչև սեպտեմբերի 15-ը, որպեսզի մենք ձեզ ներկայացնենք առաջարկների փաթեթ և «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագիրը: Այսօր էլ ուսումնասիրման աշխատանքները շարունակվուն են և գտնվում են ավարտական փուլում: Մենք ունենք որոշակի առաջարկների փաթեթ և մի քանի օրից այն ձեզ կներկայացնենք: Ես ափսոսում եմ, որ «Ռոսնեֆտից» դեռևս առաջարկների փաթեթ չկա: «Նաիրիտի» հետագա ճակատագիրը մենք չպետք է կապենք միայն այդ ընկերության հետ: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա գիտենք, որ ձեզ պարտք ենք 18 ամսվա աշխատավարձ: Մեկ ամսվա աշխատավարձը մենք կվճարենք մինչև սեպտեմբերի 15-ը»,- նշեց նախարարը՝ հավաստիացնելով, որ Կառավարությունը մտահոգված է «Նաիրիտի» ճակատագրով:
Մեկ ամսվա վճարումների մասին լուրը դուր չեկավ նաիրիտցիներին և նրանք սկսեցին աղաղակել, սակայն Ե. Զախարյանը նշեց, որ այդ հարցի հետ կապված ևս ընթանում են քննարկումներ. «Ընդհանուր աշխատավարձի հետ կապված Կառավարությունը փաթեթի հետ կներկայացնի նաև առաջարկներ: Իսկ մինչ այդ՝ մենք մեկ ամսվա աշխատավարձը կվճարենք»,-ասաց նա:
Նաիրիտցիները նաև նշեցին, որ դեմ են գործարանի փակմանը և պահանջում են գործարանը աշխատեցնել ու աշխատավարձերը նորմալ վճարել:
Բողոքի ակցիային ներկա էր նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ով հորդորում էր համախմբվել, սակայն նաիրիտցիները հորդորեցին հեռանալ և «Նաիրիտի» գործերին չխառնվել ու չքաղաքականացնել:
Նախորդող հրապարակում՝ Հովիկ Աբրահամյանը արձագանքել է պետական բուհերի դասախոսների նամակին