08/09/2014 17:52
«Օրենքը հրատապ քննարկվում է, որ ՀԲ պայմանները կատարեն ու տրանշ ստանան»
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան իր խոսքում ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ անհետաձգելի ռեժիմով խորհրդարանական ռեժիմին ստիպել հապճեպ քվեարկել օրենք, դա արհամարհանք է հենց Խորհրդարանի հանդեպ:
«5 նստաշրջանում խորհրդարանն ընդունել է մի շարք օրենքներ, որի տերը ոչ թե խորհրդարանն է, այլ՝ Կառավարությունը: 2 նստաշրջանների արդյունքում 143 օրենքներից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների արդյունքում: Նույն գործելաոճը շարունակվում է նաև այսօր: Պատգամավորները չեն հասցնում աշխատել: Ընդունվել են մի շարք կարևոր օրենքներ, որոնց մեջ է եղել նաև «Շրջակա միջավայրի մասին» օրենքը: Մենք չենք կարողանում խորանալ ու մանրամասն վերլուծել առաջարկվող օրենքները, որոնց մեծ մասը ծավալուն է: Կառավարությունը արդյոք ունի՞ ռազմավարական ծրագիր, որի բովանդակության մեջ մենք չենք կարողանում մտնել»,- նշեց պատգամավորը:
Այդ հապճեպությունը, նրա խոսքով, հստակ վատ միտում ունի, ինչը նկատելի է դառնում: Արամ Մանուկյանն ասաց, որ այս օրենքը ընդունվել է հունիսի 21-ին և եթե կան դրույթներ, որոնք պետք է այսօր շտկել, ապա ինչո՞ւ և ի՞նչ հիմքերով է այն ընդունվել:
«Եթե այդ օրենքը այդքան լավն էր, ինչո՞ւ ընդունվեց կամ ի՞նչ եղավ այս ընթացքում, որ օրենքում բաթողումներ ի հայտ եկան: Եթե չասեմ ճշմարտույունը, ապա նկատելի է այստեղ, Համաշխարհային բանկի պահանջները չի կատարվել ու ուզում եք տրանշ ստանալ»,- ընդգծեց պատգամավորը:
Ա. Մանուկյանը նշեց նաև, որ ընդմիջման ընթացքում խոսել են ՀԿ-ների հետ և համոզվել, այս օրենքը նրանց հետ չի քննարկվել: «Համոզվել ենք, որ այս օրենքը նախորդից խիստ տարբերվում է; Դուք խոստացաք, որ քննարկումներ են անցկացվելու, բայց այդպես էլ դրանք չեղան: 5 ամսվա ընթացքում ԱԺ ընդունել է 66 օրենք, 5 օրվա ընթացքում` 77: Արդյոք արդար ու ազնիվ է սա: Բացասական կարծիք ունեմ և սա վիրավորանք է ԱԺ-ի նկատմամբ: Պատգամավորը չպետք է թույլ տա այսպիսի գործունեություն իր նատմամբ»,- եզրափակեց խոսքը Ա. Մանուկյանը: