10/09/2014 09:38
Բրյուսովի ռեկտոր Գայանե Գասպարյանը դասախոսներին ստիպում է ՀՀԿ-ական դառնալ
Վալերի Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, որը մեծ աղմուկով նույն համալսարանից հեռացված Սուրեն Զոլյանից հետո դարձավ ռեկտոր, համալսարանում իր դիրքերն ամրապնդելու նոր ձև է գտել:
«Ժամանակի» տեղեկություններով՝ Գայանե Գասպարյանը միտում ունենալով շահել Հանրապետական կուսակցության համակրանքը և դրանով իսկ պահպանել իր աթոռը, վերջերս բուհի ղեկավար անձնակազմի ժողով է հրավիրել և հայտարարել, որ ամբողջ ղեկավար անձնակազմը՝ պրոռեկտորներ, խորհրդականներ, աշխատակազմի ղեկավար, դեկաններ, ամբիոնի վարիչներ և ստորաբաժանման ղեկավարներ, պետք է անդամագրվեն ՀՀԿ-ին: Նա այնքան ոգևորված է եղել, որ հաշվի չի առել այն փաստը, որ իր խորհրդականներից և տեղակալներից մի քանիսն արդեն իսկ ՀՀԿ-ական են դեռ ուսանող ժամանակներից:
Ըստ տեղեկությունների՝ ռեկտորի հայտարարության հիմք է հանդիսացել այն, որ նա ինքը որոշել է դառնալ ՀՀԿ անդամ, ուստի և իր ղեկավարած կոլեկտիվը պետք է հետևի իր օրինակին: Իսկ ավելի նեղ շրջանակներում տիկին Գասպարյանը իր և իր կոլեկտիվի ՀՀԿ-ական դառնալու պահանջը բացատրել է նրանով, որ բուհը ծանր ֆինանսական դրության մեջ է, և այս քայլը միտված է գործադիր իշխանությունից ֆինանսական օժանդակություն ստանալուն, քանի որ անգամ իջեցված աշխատավարձերը, շնորհիվ բուհի «հմուտ» կառավարման, հնարավոր չէ այլևս բարձրացնել:
Տիկին Գասպարյանը «Ժամանակի» հետ զրույցում չի հերքել այս տեղեկությունները՝ հայտարարելով, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: