10/09/2014 13:40
Մանոյան. Նախագահների հանդիպումներից հետո Ադրբեջանը դժվար փոխի իր կեցվածքը
Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ինչ-որ տեղ ԱՄՆ շահագրգռվածության արդյունք էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն` ընդգծելով, որ այդ հանդիպումը դրական է գնահատում:
Միևնույն ժամանակ` ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարը հույս չունի, որ այս հանդիպումներից հետո Ադրբեջանը կփոխի իր կեցվածքը, որի պատճառով բանակցություններն առաջ չեն շարժվում.
«Այս հանդիպումներից հետո Ադրբենջանը, դժվար թե, փոխի իր կեցվածքը: Ամեն դեպքում միջնորդ պետությունները փորձում են նվազեցնել պատերազմի հավանականությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նա անդրադարձավ նաև Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը` ընդգծելով, որ դեռ պետք է սպասել, թե ինչ կորոշի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը.
«Այս դեպքում կարող է լինել նույնն, ինչ Շվեյցարիայի դեպքում: ՄԻԵԴ-ը կարող է հայտարարել, որ այն հակասում է խոսքի ազատության սկզբունքին»,- բացատրեց Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ կարող են լինել հակաքայլեր նաև Թուրքիայի կողմից: