10/09/2014 17:19
Ադրբեջանում խոշտանգված Մամիկոն Խոջոյանի գործն ուղարկվել է ՄԻԵԴ
Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը հինգշաբթի օրը պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունից:
Խոջոյանի ընտանիքը պահանջում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ քրեական հետապնդում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը: Նրանք նաև կոչ են անում լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների ենթարկված քաղաքացիների համանման գործերը, ներառյալ Արթուր Բադալյանի և Կարեն Պետրոսյանի գործերը:
«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,- ասել է ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում:
«Խոջոյանը գերության սկզբից ևեթ ենթարկվել էր դաժան և վատ վերաբերմունքի, ինչը վերջնական արդյունքում հանգեցրեց նրա մահվան: Մենք դիմում ենք ՄԻԵԴ` Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության կանչելու իր կատարած ծանր հանցագործության համար և ապահովելու, որ վերջ դրվի այդպիսի վերաբերմունքին»,- ասել է ԸԻԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը:
Հայցվորները գանգատում ներկայացնում են Խոջոյանի խոշտանգման ապացույցներ, ինչպես նաև ցուցադրում են իշխանությունների կողմից Բաքվում անմեղ հայերի նկատմամաբ իրականացվող դաժան վերաբերմունքի պարբերական պատկերը:
Հունվար ամսին Խոջոյանի գերեվարումից հետո այլ անձիք ևս գերի են ընկել Ադրբեջանում` ենթարկվելով հրապարակային նվաստացման և վատ վերաբերմունքի: Վերջին դեպքերից մեկի ժամանակ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է սահմանի մոտ և հեռուստատեսությամբ ներկայացվել է որպես «դիվերսանտ», իսկ բանտարկությունից մեկ օր հետո սպանվել:
ՄԻԵԴ-ը քննարկելու է գանգատը ընդունելիության տեսանկյունից, որից հետո կարող է սկսվել դատական գործընթացը և կայացվել պարտավորեցնող վճիռ:
Նախորդող հրապարակում` Մամիկոն Խոջոյանի դիահերձումն ավարտվել է. Նրա դին տեղափոխում են գյուղ