11/09/2014 14:30
Քննչական մարմին ձևավորելու առաջին խնդիրը անկախությունն էր. Ա. Հովսեփյան
Բոլոր քննչական մարմինները գերատեսչական կարգավիճակում էին, մտահոգություն էր առաջացնում քննիչների ինքնուրույնության խնդիրը: Հետևաբար` Քննչական կոմիտե ստեղծելու կարիքը վաղուց էր հասունացել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
«Վստահ ենք, որ անկախ միասնական քննչական մարմնի ձևավորմամբ, գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա»,- հավաստիացրեց կոմիտեի նախագահը:
Նա կոչ արեց համբերել ևս մի քանի օր, մինչև կհրապարակվի քննչական կոմիտեի տեղակալների անունները: Ա. Հովսեփյանը հիշեցրեց, որ կառավարության կողմից քննչական մարմինների հաստիքների հաստատվելուց հետո կոմիտեի նախագահը հինգ օրվա ընթացքում ներկայացնում է տեղակալների թեկնածությունները, իսկ ՀՀ Նախագահը` նշանակում:
«Անկախ քննչական մարմին ձևավորելու համար առաջին խնդիրը հենց անկախության ապահովումն է»,- ասաց Ա. Հովսեփյանը` հավաստիացնելով, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի քննիչներն անկախ լինեն: