11/09/2014 12:35
147 մլն դրամ` Տավուշում և Գեղարքունիքում հրատապ խնդիրներ լուծելու համար
Կառավարության որոշմամբ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 147 միլիոն դրամ:
Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց, որ գումարը մասնավորապես տրամադրվելու է Տավուշի մարզի Չինարի համայնքի տարածքում առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, Չինարի համայնքի դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքում ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար հենապատի կառուցման համար:
Բացի այս, Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ ուժեղ քամիների հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացել են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես` Ծակքար համայնքի դպրոցի մասնակի վերանորոգման, «Սևանի հիվանդանոցի» մեկ մասնաշենքի տախտակամածի, ջրհորդանների և թիթեղյա ծածկի իրականացման աշխատանքներ:
Քամու հետևանքով, ինչպես ասաց նախարարը, ամբողջությամբ քանդվել է շուրջ 100քմ մակերեսով թիթեղյա ծածկը, իսկ մնացած հատվածը՝ պոկվել է:
«Այս խնդիրները կարճ ժամկետներում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ»,- ասաց նա: