12/09/2014 18:40
Վարդան Պետրոսյան. Դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
«Այս դահլիճում այլևս որևէ բան ասելու, պատասխանելու չունեմ: Հետո սիրով կպատասխանեմ Արթուր Հակոբյանի բոլոր հարցերին՝ առանց վախենալու, նայելով նրա աչքերի մեջ: Ես հրաժարվում եմ պատասխանել որևէ հարցի, որպեսզի չվերսկսվի ու չստեղծվի այն կոնֆլիկտային վիճակը, որոնց մենք ականատես ենք եղել մի քանի անգամ: Երբ զանգել էի տուժող Հայկ Հակոբյանին ցավակցելու, նա ասաց, թե հարցեր ունի ինձ տալու: Ես էլ պատասխանեցի՝ դուրս կգամ, կնայեմ քո աչքերին, կտաս քո հարցերը, ես էլ կպատասխանեմ»,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարություն ժամանակ ասաց Վ. Պետրոսյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ առաջարկելով նորից հարցաքննություն իրականացնել, ինչի դեմ առարկեց Վարդան Պետրոսյանի փաստաբանը:
Հիշեցնենք, որ ցուցմունք տալու ժամանակ դահլիճում տուժող կողմը ներկա չէր նիստին: Այսօրվա նիստին տուժող Արթուր Հակոբյանը ներկա էր:
Հիշեցնենք, որ որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակում՝ Արդարադատության նախարարը հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանին
Վարդան Պետրոսյանի գործով տուժող. Ինքը հարբածի նման ձայներ էր արձակում