15/09/2014 12:00
ՄԻԵԴ-ը բացատրություն է պահանջել Ադրբեջանից՝ Կարեն Պետրոսյանի հարցով
Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: Այս մասին տեղկեանում ենք «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունից:
Դիմումը ներկայացնելուց հետո այն կազմած աշխատանքային խմբի անդամները հանդես են եկել հայտարարություններով.
«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է»,- ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը:
«Այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»,- ավելացրել է նա:
«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան և անձնական կյանքի իրավունքի անդառնալի և շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասել է աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ: Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գևորգյանը, Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արտակ Զեյնալյանը: Պետրոսյան ընտանիքի ներկայացուցիչների պահանջին ի պատասխան՝ սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել՝ «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:
Կ. Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:
Նխորդող հրապարակումներ՝ Կարեն Պետրոսյանի սպանության փաստով հարուցվել է քրգործ