17/09/2014 11:45
ՄԱԿ-ում արդեն քննարկվում է Կարեն Պետրոսյանի դիակի հանձնման հարցը. ՄԻՊ
Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի դիակի շուտափույթ հանձնման վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հասցեագրված գրությունը արդեն քննարկում է: ՄԻՊ աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս մասին իրենց հայտնել են այնտեղ գտնվող գործընկերները:
«Բազմաթիվ պաշտոնական մարմիննները՝ ԵԱՀԿ-ն, Ֆրանսիան, շատ այլ երկրների դեսպաններ արդեն իսկ դատապարտել են Արդբեջանի կողմից նման վերաբերմունքը և անընդունելի գնահատել դիակի չհանձնումը: Դրանից բացի, պետք է իրականացվեն կոնկրետ գործողություններ, քանի որ, եթե մահը տեղի է ունեցել բնական ճանապարհով, ապա հենց ադրբեջանական կողմը պետք է շահագրգռված լիներ դիակի շուտափույթ հանձնման հարցում՝ խուսափելով միջազգային այն կազմակերպությունների դատապարտումից, որոնք արդեն հնչեցին, և կկարողանար ապացուցել, որ որևէ խոշտանգում գերու նկատմամբ չի իրականացվել»,- ասաց նա:
Ե. Թումանյանցի խոսքով՝ արդեն իսկ բոլոր կառույցները, որոնց դիմելը իրենց լիազորությունների սահմանում էր, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Կարեն Պետրոսյանի դիակի չհանձնման հարցում, և Պաշտպանը ճիշտ է գտել դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին:
«Մեզ համար այժմ ամենակարևոր խնդիրը դիակի շուտափույթ հանձնումն է, քանի որ դրանով կկարողանանք հնարավորինս շուտ արձանագրել հնարավոր բռնությունների և խոշտանգումների դրսևորումները: Պաշտպանի դիմումի հիմնական բովանդակությունը եղել է դիակի չհանձնվելու հարցը, և ակնկալում ենք, որ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կդատապարտի Ադրբեջանի գործողությունները և միգուցե որոշակի ճնշումների արդյունքում դիակը կհանձնվի Հայաստան»,-ասաց Ե. Թումանյանցը:
Նախորդող հրապարակում՝ ՄԻԵԴ-ը բացատրություն է պահանջել Ադրբեջանից՝ Կարեն Պետրոսյանի հարցով