18/09/2014 12:39
Վարչապետը՝ փոխնախարարին. «Քո կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում»
Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի միջև անհաճո երկխոսություն ծավավեց:
Փոխնախարարը զեկուցում էր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Երբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասն էր ներկայացնում Արթուր Առաքելյանը, ի պատասխան վարչապետի հարցի, թե` ինչո՞ւ է պետտուրք ներառվում, փոխնախարարն ասաց՝ «Իմ կարծիքով…», բայց վարչապետը թույլ չտվեց Առաքելյանը շարունակի, ընդհատեց ու ասաց, որ փոխնախարարի կարծիքն իրեն չի հետաքրքրում:
Ապա վարչապետը հետաքրքրվեց, թե ինչու են ընդհանրապես նման պետտուրք սահմանել, միջազգայի՞ն փորձն են հաշվի առել, ինչին ի պատասխան Արթուր Առաքեելյանն ասաց, որ Ռուսաստանում է գործում այս տեսակի պետտուրք. «Գաբարիտով բեռնատարների համար է»:
Նշենք, որ ըստ փոփոխությունների նախատեսվում է «Չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով մեկանգամյա փոխադրման իրականացման հատուկ թույլտվություն տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով»: