18/09/2014 11:01
Շոտլանդիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն
Շոտլանդիայում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվեն և ամբողջ երկրի տարածքով առավոտյան ժամը 7.00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը կարող է մասնակցել 4 միլիոն 285.323 մարդ, իսկ քվեարկության մասնակցելու իրավունք ունեցող անձանք տարիքային սանղակը 18-ից իջեցվել է մինչև 16 տարեկան:
Քվեարկության նախօրեին անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ անկախության օգտին պատրաստ է քվեարկել շոտլանդացիների 51 %-ը, դեմ՝ 49 %-ը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության գնահատմամբ, Շոտլանդիայի անկախությունը Լոնդոնի համար կարող է արժենալ 2.5 միլիարդ դոլար:
Շոտլանդիայի անկախության կողմնակիցները հայտարարում են, որ Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում իրենք նավթագազային հատվածի շնորհիվ կկարողանան ապահովել շոտլանդացիների բարեկեցությունը:
Փորձագետների կարծիքով, Շոտլանդիայի նավթի պաշարները կազմում են 23 միլիարդ բարել: Սակայն անկախության դեպքում հարցեր կառաջանան Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև՝ ծովում գտնվող հանքավայրերը բաժանելու հետ կապված: Այս պահի դրությամբ Շոտլանդիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 20.873 ֆունթ սթեռլինգ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 20.571:
Շոտլանդիայի անկախության դեպքում հնարավոր է ստեղծվի ազգային Կենտրոնական բանկը և սկսի շրջանառվել շոտլանդական ֆունթը, որը ազատ շրջանառություն կունենա միջազգային շուկաներում:
Որոշ տնտեսագետների կարծիքով, անկախ Շոտլանդիան կփորձի անդամակցել ԵՄ-ին և մտնել եվրոյի գոտի, սակայն Եվրոպան այժմ տնտեսական լուրջ խնդիրների հետ է բախվում և նոր անդամի միացումը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել եվրոյի գոտու անդամների համար:
Սակայն անկախության հռչակման դեպքում լրացուցիչ խնդիրներից խուսափելու և Էդինբուրգի տնտեսական կենտրոնի կարգավիճակը պահպանելու համար շոտլանդացիները կնախընտրեն մնալ ֆունթ սթեռլինգի գոտում, ինչի մասին հայտարարում են նաև Շոտլանդիայի իշխանությունները:
Անկախ Շոտլանդիան հնարավոր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնիՀյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Շոտլանդիայի անկախության հռչակման դեպքում այդ երկիրը չի համարվելու ՆԱՏՕ-ի անդամ: Դաշինքին անդամակցելու համար շոտլանդացիները պետք է նոր հայտ ներկայացնեն և անցնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք ամրագրված են դաշինքի համաձայնագրի 10-րդ կետում:
Շոտլանդիայի անկախության պարագայում Լոնդոնը պետք է այդ երկրի տարածքից դուրս բերի իր ատոմային մարտագլխիկները, իսկ այդ գործողության վրա բրիտանական իշխանությունները կծախսեն 4.2-5.9 միլիարդ դոլար: