18/09/2014 14:35
Կառավարությունն իր առաջարկները կավելացնի Ն. Փաշինյանի ներկայացրած օրինագծին
Կառավարությունը քննարկել է «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Օրինագծով սահմանվում է «սահմանապահ համայնք» հասկացությունը, մի շարք արտոնություններ են նախատեսվում այդ համայնքների բնակիչների համար:
Իր եզրակացության տեքստում գործադիրը ողջունում է նախաձեռնության հեղինակի նպատակադրումը և նշում, որ ՀՀ վարչապետի 2014թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա:
Կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել ՀՀ կառավարության հետ` Ազգային ժողովի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամ`բ կառավարության նախաձեռնած այս օրինագիծը, որն ուղղված է սահմանամերձ համայնքների բնակչության աջակցությանը, պետք է համալրվի ԱԺ պատգամավորների ողջամիտ առաջարկություններով և ծառայի իր նպատակին: