19/09/2014 10:41
Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում
Շոտլանդիայի բնակիչները դեմ են արտահայտվել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Շոտլանդիայի անկախության օգտին է քվեարկել ընտրողների 44.58 %-ը, դեմ՝ 55.42 %-ը:
Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը ճանաչել է քվեարկության արդյունքները և այժմ Լոնդոնից սպասում է Շոտլանդիային ավելի լայն լիազորությունների տրամադրում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևից Քեմերոնը շնորհավորել է լեյբորիստ Ալիստեր Դառլինգին, ով դեմ էր արտահայտվում Շոտլանդիայի անկախությանը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության գնահատմամբ, Շոտլանդիայի անկախությունը Լոնդոնի համար կարող է արժենալ 2.5 միլիարդ դոլար:
Շոտլանդիայի անկախության կողմնակիցները հայտարարում են, որ Մեծ Բրիտանիայից անկախանալու դեպքում իրենք նավթագազային հատվածի շնորհիվ կկարողանան ապահովել շոտլանդացիների բարեկեցությունը: Փորձագետների կարծիքով, Շոտլանդիայի նավթի պաշարները կազմում են 23 միլիարդ բարել: Սակայն անկախության դեպքում հարցեր կառաջանան Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև՝ ծովում գտնվող հանքավայրերը բաժանելու հետ կապված: Այս պահի դրությամբ Շոտլանդիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 20.873 ֆունթ սթեռլինգ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 20.571:
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Շոտլանդիայի անկախության հռչակման դեպքում այդ երկիրը չի համարվելու ՆԱՏՕ-ի անդամ: Դաշինքին անդամակցելու համար շոտլանդացիները պետք է նոր հայտ ներկայացնեն և անցնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք ամրագրված են դաշինքի համաձայնագրի 10-րդ կետում:
Շոտլանդիայի անկախության պարագայում Լոնդոնը պետք է այդ երկրի տարածքից դուրս բերի իր ատոմային մարտագլխիկները, իսկ այդ գործողության վրա բրիտանական իշխանությունները կծախսեն 4.2-5.9 միլիարդ դոլար:
Մեծ Բրիտանիայի ամբողջ միջուկային զինանոցը տեղակայված է սուզանավերի վրա, որոնց տեղակայման վայրը Շոտլանդիայի Կլայդ ռազմակայանն է: Այն գտնվում է Շոտլանդիայի արևմուտքում՝Գլազգոյից 40 կմ հեռավորության վրա: