22/09/2014 12:18
«Ռոստելեկոմի» փոխնախագահ. Հայաստանի շուկան մեզ համար հետաքրքիր է
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում «Ռոստելեկոմ» ընկերությունը տեսնում է զարգացման շատ լուրջ հեռանկարներ, քանի որ, ընկերության` Հայաստանում ներկայացվող բոլոր ծառայությունները մեծ պահանջարկ ունեն: Այս մասին Մոսկվայում «Ռոստելեկոմի» գլխավոր գրասենյակում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գործադիր փոխնախագահ, «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռոգովոյը:
«Ասեմ ավելին` մենք հիմա քննարկում ենք առաջիկայում Հայաստանում սեփական տվյալների կենտրոնի կառուցման հնարավորությունը ու վստահությամբ նայում ենք դեպի ապագան»,- ասաց Ա. Ռոգովոյը:
Նա չմանրամասնեց տվյալների կենտրոնի կառուցման ժամկետների ու ծավալների մասին` ընդգծելով, որ այդ ամենը հիմա հաշվարկման փուլում է:
«Այսօր մեր ընկերությունն առաջին հերթին ցանկանում է ընդլայնել Հայաստանում սփռման ու հասանելիության ծավալները: Մասնավորապես` ցանկանում ենք հասանելի լինել ամբողջ Երևանում, ինչպես նաև` մարզերում»,- ասաց «Ռոստելեկոմի» գործադիր փոխնախագահը:
Ալեքսանդր Ռոգովոյի խոսքով՝ հինգ տարիների ընթացքում՝ 2012-2016 թթ., Հայաստանում «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 30 մլն ԱՄՆ դոլար, իսկ արդեն իսկ 2014թ.-ի վերջին ներդրումները կկազմեն 20 մլն.ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ, գնահատելով Հայաստանի հեռահաղորդակցության շուկան` Ալեքսանդր Ռոգովոյն ընդգծեց, որ այստեղ մրցակցությունը բավականին բարձր է.
«Կա լուրջ մրցակցություն և դա լավ է, քանի որ սա ստիպում է մեզ ավելի ակտիվ աշխատել, ներկայացնել նոր ծառայություններ և այլն: Ընդհանուր առմամբ նորից եմ ասում` այս շուկան մեզ համար հետաքրքիր է»,- ասաց «Ռոստելեկոմի» փոխնախագահը:
Լրագրողները Ա. Ռոգովոյից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է արդյոք, որ «Ռոստելեկոմը»` որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն, դուրս գա նաև բջջային օպերատորների շուկա:
«Բարդ հարց է: Մի կողմից դրանք նման ծառայություններ են, մյուս կողմից` ունեն յուրահատկություններ: Պետք է ասեմ, որ հիմա մենք առավել շատ ցանկանում ենք զարգացնել մեր կողմից տրամադրվող ծառայությունները»,- ասաց Ա. Ռոգովոյը:
«Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք Հայաստանում մեր դուստր ձեռնարկության զարգացման ծավալներից: Այո, մեր բաժանորդների թիվը դեռևս այնքան էլ շատ չէ, սակայն մեծ են բաժանորդների թվի աճի տեմպերը: Մեր նոր փաթեթները, որքանով ես եմ տեղյակ, մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանում: Իսկ, եթե առանձնացնեմ մեր գլխավոր առավելությունը, ապա կասեմ, որ այն որակի մեջ է»,- ամփոփեց «Ռոստելեկոմի» գործադիր փոխնախագահը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով «Ռոստելեկոմը» Հայաստանում ունի 21 հազար բաժանորդ: Բաժանորդների թվով այն երրորդն է մեր հեռահաղորդակցության շուկայում: Միաժամանակ այս ընկերությունը Հայաստանում առաջինն է զարգացման, այսինքն` բաժանորդների թվի ավելացման տեմպերով: