22/09/2014 15:56
Հարությունյանների փաստաբանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալներին
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավարությունը:
Դատարանի բակում հավաքված մարդիկ արդար դատավարություն էին պահանջում ամբաստանյալների համար:
Այսօրվա նիստում պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները: Շանթ և Շահեն Հարությունյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը պահանջեց արդարացնել իր պաշտպանյալներին այն հիմքով, որ նախաքննությունը այդպես էլ չի պարզել, թե ով է սադրիչը, ով հրահրել է միջադեպը, իսկ «Միլիցա է՝ խփեք» արտահայտությունը հերքվում է տեսաձայնագրություններով:
Փաստաբանի խոսքով՝ Շահենը փորձել է պաշտպանել իր հորը, և նրան խուլիգանության հոդվածով մեղադրանքի առաջադրումը անհիմն է, քանի որ նրա գործողությունները պայմանավորված են եղել նրա հուզական վիճակով, բացի այդ, Շահենի նկատմամբ հոգեբանական ճնշումներ են կիրառվել ոստիկանությունում՝ ասելով, որ նրա հայրն ու ընկերները մահացել են:
Փաստաբան Հովհաննես Քոչարյանն իր խոսքում նշեց, որ նոյեմբերի 5-ին խաղաղ հավաք է եղել, իսկ գործով վկա, ոստիկան Գեղամ Խաչատրյանը փորձել է Շանթ Հարությունյանին կանգնեցնել, որից հետո ոստիկանները նրան ուժով պողոտայից դուրս բերելու փորձեր են արել, իսկ ակցիայի մասնակիցները փորձել են զսպել ոստիկաններին:
«Բախումը սադրել է Գեղամ Խաչատրյանը, իսկ իմ պաշտպանյալների արարքների մեջ խուլիգանության հանցակազմ չկա, նրանց առաջադրված մեղադրանքը հնարածին է»,-ասաց փաստաբանը:
18 ամյա Մկրտիչ Հովհաննիսյանի փաստաբան Ռուզաննա Հովհաննիսյանը դատարանին խնդրեց թույլ տալ իր պաշտպանյալին ազատության մեջ սովորել, ինչպես նաև նշեց, որ նա ունի առողջական խնդիրներ:
Մյուս պաշտպանները պաշտպանական ճառով հանդես կգան մյուս դատական նիստին
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալը կմնա կալանավորված
Շահեն Հարությունյան. Ոստիկանները ինձ հավատացնում էին, որ հայրս մահացել է
Շանթ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում ու չի ճանաչելու