23/09/2014 14:55
Ցուցարաներին չի գոհացրել վարչապետի պատասխանը
ՀՀ կառավարության շենքի դիմաց ցույց անցկացնող քաղաքացիներին Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ հեռացրեցին փողոցից այն բանից հետո, երբ քաղաքացիները հրաժարվեցին ենթարկվել փողոցը բացելու ոստիկանների պահանջին:
Քիչ անց ժամանեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և պահանջեց ցուցարարներին բացել փողոցը:
Ցուցարանների նման գործողությունների պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեև լսել էր նրանց, սակայն հստակ ասել է, որ հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը չի կասեցվելու:
Վարչապետը մի քանի րոպե զրուցել է ցուցարարների հետ: Հարցին` արդյոք հարկային ծառայության աշխատակիցներն իրավունք ունե՞ն մտնել տոնավաճառ և առևտրականներից ապրանքների ցուցակները պահանջել, Հ Աբրահամյանը պատասխանել է, որ ոչ:
Լրագրողների հարցին` ինչպե՞ս են ստիպելու խոշոր հարկատուներին փաստաթուղթ ներկայացնել, քանի որ նրանք փաստաթուղթ հարկայինին չեն ներկայացնում, վարչապետը պատասխանել է, որ «կտան»։
Այնուհետև նա ընդունել է քսան հոգուց բաղկացած խմբին և առաջարկել է Կառավարությանը գրավոր ներկայացնել կառուցողական առաջարկներ հարցի վերաբերյալ:
«Պետք է թեթևացնենք փոքր և միջին ձեռներեցության հարկային բեռը, որ դուք կայանաք, որովհետև մեր նպատակը խոշորներին հարկային դաշտ բերելն է»,-ասել է վարչապետը:
Առևտրականները պահանջում են լուծել իրենց խնդիրը, այլապես փողոցից չեն հեռանա և կոչ անում ընդդիմադիրներին միանալ իրենց:
Նախորդող հրապարակում` Կառավարության շենքի մոտ 400 առևտրականներ դժգոհում են օրենքից