24/09/2014 09:09
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում Եռյակում տարակարծություններ կան
Ոչ իշխանական եռյակի ուժերից մեկի ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ, «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, թե Եռյակի համար լրջագույն փորձություն են դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերը:
Ինչպես հայտնի է «Ժառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ ընդգծված հակառակորդներ են, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն առնվազն դեմ չեն արտահայտվում: Չի բացառվում, որ առաջիկա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի վերաբերյալ կտրուկ տեսակետներ արտահայտի, ինչն անհանգստացնում է մյուս երկու գործընկերներին:
Չնայած սրան, թերթի տեղեկություններով, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ խուսափում են Եռյակի հանդիպումներում այս հարցը շոշափելուց: Այնուամենայնիվ պետք է նշել, որ այս խնդիրը «Ժառանգության» ներսում էլ միանշանակ ընկալում չունի: Ռուբիկ Հակոբյանը, օրինակ, Եվրասիական տնտեսական միության հարցում չի կիսում Րաֆֆի Հովհաննիսյանի մերժողական դիրքորոշումը, իսկ Թևան Պողոսյանն ընդհակառակը՝ ԵՏՄ երդվյալ հակառակորդ է: Թերթի տեղեկություններով՝ Եռյակում փորձում են առաջիկա շրջանում առավելագույն ճկուն լինել, որ տարակարծություններ առաջացնելու պոտենցիալ ունեցող հարցերը չսրվեն: