25/09/2014 09:37
Աֆրիկյանների շենքի տեղում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի
Այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե հյուրանոց է կառուցվելու քանդված շենքի տեղում, որը պատկանում է «Միլենիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին:
«Հրապարակի» հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսակցություններ և տեսել նաև որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել՝ հորդորելով մեզ քաղաքապետարանից ստանալ վերջնական պատասխանը:
Թերթը կապ է հաստատել նաև քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշել է, թե հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա. «Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա»: